Երբ քաղաքական միտքը պարտվում է, ծնվում է լկտիությունը
Ազգային ժողովի ամբիոնը պետության ողնաշարն է, որտեղից պետք է հնչեն օրենքներ, ռազմավարություն և քաղաքակիրթ բանավեճ։ Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, քաղաքական մտքի սնանկություն է՝ փաթեթավորված ագրեսիվ լկտիությամբ և փողոցային բառապաշարով։
Երբ քաղաքական գործիչը չունի փաստարկ, նա անցնում է վիրավորանքի։
Երբ չկա գաղափար, ասպարեզ է իջնում գռեհկաբանությունը։
Երբ բացակայում է պետական մտածողությունը, ամբիոնը վերածվում է էժանագին շոուի թատերաբեմի։
«Գյորմամիշության» մասին բարձրագոչ ճառեր ասողները մոռանում են մի պարզ հոգեբանական ճշմարտություն․ մարդն ուրիշի մեջ առաջին հերթին նկատում է այն, ինչով լցված է ինքը։ Փողոցային ժարգոնով, ձեռքերի թափահարումով և մատ թափ տալով հնարավոր չէ ծածկել սեփական վախերն ու բովանդակային դատարկությունը։
Իսկական ուժը կրթվածության, զսպվածության և փաստարկված խոսքի մեջ է։
Հանրությունը հոգնել է ատելության լեզվից և գռեհիկ վարքագծից։ Հայաստանի քաղաքացին արժանի է պարլամենտարիզմի, որտեղ հարգում են պետական ինստիտուտները, խոսում են ազգային շահերից և պահպանում են բարեկրթության տարրական նորմերը։
Ժամանակն է մերժելու գռեհկությունը և պետական ամբիոնին վերադարձնելու իր իսկական արժանապատվությունը։
Հայկ Մովսիսյան